«Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում օրերս տեղի ունեցավ «Գյուրջիևի կոդը» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի հեղինակ և ռեժիսոր ՆԻԿՈԼԱՅ ԴԱՎԹՅԱՆԸ ֆիլմն իբրև արվեստի գործ դիտել խորհուրդ չտվեց, խուսափեց նաև հանրամատչելի բնորոշումից: Հարց է առաջանում` ի՞նչ է նկարահանել ռեժիսորը, ինչի՞ համար է այս ամենը: Ըստ Գյուրջիևի` մարդիկ ինչ-որ ինքնահիպնոսի մեջ են, և նրանց հարկավոր է արթնանալ: Ահա այս միտքն է հավանել ռեժիսորը և սկսել է ուսումնասիրել Գյուրջիևին: Ապա հանգել է այն մտքին, որ Գյուրջիևը անհրաժեշտ է մեր հասարակությանը: «Եթե ֆիլմից հետո ինչ-որ մեկը ցանկանա ձեռքը վերցնել Գյուրջիևի գիրքը, կարդալ ու ծանոթանալ նրա տեսությանը, ես իմ առաքելությունը կարող եմ համարել կատարված: Իհարկե, նրա տեսությունը մեկ ֆիլմով ներկայացնել չես կարող: Ոչ թե մեկ, երկու, այլ աներևակայելի թվով ֆիլմեր են անհրաժեշտ դրա համար»: Ռեժիսորը փորձել է ներկայացնել փոքր դետալներ, որոնց մասին, ըստ նրա, պետք է խոսել, մտածել: Խոստովանում է, որ այս ֆիլմից հետո սկսել է կյանքին այլ կերպ նայել:
Գրող, կինոսցենարիստ ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ զրույցում ասաց, որ սպասում էր ավելի շատ Գյուրջիևի մասին ֆիլմի, քան նրա տեսության. «Որովհետև շատ առեղծվածային են Գյուրջիևի կերպարը և ազդեցությունը: Բայց ուրախ եմ, որ մեր հայրենակցի մասին ֆիլմ կա այսօր: Մանավանդ, ինձ ավելի մոտ հայրենակից է: Ես գյումրեցի եմ»: Զրուցակիցս նշեց, որ համացանցը հեղեղված է Գյուրջիևի մասին ինֆորմացիայով: «Խորհրդային Միության փլուզումից հետո թաքնագիտության մասին մեծ թվով գրականություն է հրատարակվել, իհարկե, ռուսերեն: Հայերեն քիչ նյութ կա, մեր հեռուստադիտողին, հանրությանը քիչ բան է ասվել այս մասին: Սա ինձ ծանոթ առաջին ֆիլմն էր Գյուրջիևի մասին»:
Ֆիլմի ռեժիսորը հաստատում է, որ «Գյուրջիևի կոդը» կենսագրական բնույթ չունի, թեև որոշ վկայություններ Գյուրջիևի մասին այն տալիս է: Ֆիլմն ավելի շուտ մեր հայրենակցի փիլիսոփայական ուսմունքի մասին է, որը նա անվանում էր «Մարդու ներդաշնակ զարգացման չորրորդ ուղի» կամ «Ներքին զարգացման համակարգ»:
Կարծում եմ, Գյուրջիևի հետ (նաև ռեժիսորի) կարող ես համաձայնել կամ չհամաձայնել, սակայն էկրանին ակնհայտորեն դիտարժան ֆիլմ էր: Առեղծվածն ու թաքնագիտությունը զուգորդվում են մեզ ծանոթ իրականությանն ու քաղաքային քրոնիկային: Բարձրացվող հարցերը, թվում է, ունեն որոշակի պատասխան: Պատասխանները նոր հարցեր են ենթադրում:
Միստիկ փիլիսոփա, մոգ, պարի ուսուցիչ, կոմպոզիտոր, ճանապարհորդ, գրող Գեորգի Գյուրջիևը ծնվել է Ալեքսանդրապոլում, Տիխայա փողոցի թիվ 35 տանը: Ասում են` նա ծնվել է լայն բացած աչքերով, անձայն, անճիչ: Ծննդյան ճշգրիտ թվականը հայտնի չէ. ոմանք ասում են` 1866, ոմանք` 1872, ոմանք էլ`1877: Ասում են` նրան աշակերտել են Հիտլերն ու Ստալինը: Ասում են նաև, որ մահվանից րոպեներ առաջ նա ասել է. «Որևէ մեկը որևէ հարց ունի՞: Թե չէ, ես գնում եմ»: Կա նաև այլ վարկած, որը և ներկայացված է ֆիլմում: «Ես թողեցի ձեզ մի սարսափելի խառնաշփոթի մեջ». սրանք են վերջին խոսքերը, որ միստիկ փիլիսոփան ասել է մահից առաջ:
Հավելենք, որ «Գյուրջիևի կոդը» ֆիլմը ռուսերեն է, հայ հանդիսատեսի դատին կհանձնվի նաև հայերեն տարբերակը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ